
Արմինֆո.ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ ՀՆՀ-ի II փուլ» դրամաշնորհային և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց IV» վարկային համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում։
Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) ծրագրի իրականացման նպատակով կնքվել են հետևյալ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը․ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ) միջև 2014թ. դեկտեմբերի 9-ին 75 մլն եվրոյի և 10.2 մլն եվրոյի և 2015թ. դեկտեմբերի 11-ին 83 մլն եվրոյի վարկային համաձայնագրեր; 2016թ. մայիսի 30-ին 10 մլն եվրոյի դրամաշնորհային համաձայնագիր ԵՄ Հարևանության Ներդրումային Գործիքի (“NIF”) շրջանակներում; Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև 2015թ. մարտի 16-ին 10 մլն եվրոյի վարկային համաձայնագիր; ՎՎԲ-ի, Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ծրագիրն իրականացնող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) միջև կնքվել է Փորձագիտական ծառայություններ մատուցելու համար ֆինանսավորման դրամաշնորհային համաձայնագիր՝ 550 հազ. եվրոյի չափով օժանդակություն:
Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ օդային գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ օդային գծի միջոցով: Արդյունքում, Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի, հետագայում, ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել մինչև 1050 ՄՎտ-ի:
Նոր էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:
Ծրագրի շրջանակներում կնքվել է խորհրդատվական պայմանագիր «Fichtner GmbH & Co.KG» ընկերության (այսուհետ՝ Խորհրդատու) հետ: Վերջինիս աջակցությամբ իրականացվում են Ծրագրի 3 լոտով (Լոտ 1՝ Դդմաշենի ենթակայանի, Լոտ 2՝ Էլեկտրահաղորդման գծերի և Լոտ 3՝ Բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի (ԲԼՀՀՓԿ) կառուցում) գլխավոր կապալառուների ընտրության մրցութային գործընթացներ, այդ թվում՝ Լոտ 1-ի մասով. Մրցութային հայտ են ներկայացրել Andritz Hydro GmbH և China National Electric Engineering ընկերությունները: Իրականացվում է տեխնիկական հայտերի ուսումնասիրման գործընթաց, որից հետո սահմանված կարգով կբացվի ֆինանսական հայտերը:
Լոտ 2-ի մասով. Իրականացված մրցույթի արդյունքում հնդկական KEC International limited (այսուհետ՝ KEC) ընկերության հետ սահմանված կարգով կնքվել է պայմանագիր՝ 70 մլն եվրո գումարով՝ առանց ԱԱՀ: KEC-ին վճարվել է կանխավճար (17,5 մլն եվրո), ինչն էլ համարվել է պայմանագրի աշխատանքների սկսման ամսաթիվ: Իրականացվում են պայմանագրով նախատեսված աշխատանքները:
Լոտ 3-ի մասով. Մրցութային հայտ է ներկայացրել State Grid Corporatin of China - CET ընկերությունը (Չինաստան): Իրականացվում է տեխնիկական հայտի ուսումնասիրման գործընթաց, որից հետո սահմանված կարգով կբացվի ֆինանսական հայտը:
Ծրագրի իրականացման համար կնքված վարկային և դրամաշնորհային միջոցների ընդհանուր առկա բյուջեն առանց հարկերի կազմում է 188,75 մլն եվրո, մինչդեռ 2024թ. նոյեմբերին Խորհրդատուի կողմից ներկայացված Ծրագրի իրականացման համար թարմացված նախահաշվային արժեքը կազմում է 542,75 մլն եվրո։
«Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Ծրագրի իրականացման համար ֆինանսական բացը լրացնելու և Ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով Նախարարությունը և Ընկերությունը գտնում են, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 15 մլն արժողությամբ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ ՀՆՀ-ի II Փուլ» դրամաշնորհային համաձայնագրի կնքումը», -
Միեւնույն ժամանակ, Փոխառության շուրջ համաձայնագրի շրջանակում ՀՀ 2026թ. պետական բյուջեով նախատեսված է 45.6 մլրդ դրամի հատկացում, որից 43.5 մլրդ դրամը փոխառու միջոցներն են, իսկ 2.1 մլրդ դրամը ՝ համաֆինանսավորումը (103.5 մլն եվրո, որից 98.9 մլն եվրոն փոխառու միջոցներն են, իսկ 4.6 մլն եվրոն ՝ համաֆինանսավորում):