
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը մարտի 12-ին հավանննություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գտնվելու պայմանների մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին։
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից 2009 թվականի հունիսի 9-ի «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրով։ Հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել անդամ պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ամրապնդմանը։
ԿԶԵՀ-ի հիմնադիր պետությունների մասնակցության չափը կազմում է 8,513 մլրդ ԱՄՆ դոլար, որում Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք է (որից 100 հազար ԱՄՆ դոլարը վճարվել է դրամական տեսքով, 900 հազար ԱՄՆ դոլարը վճարվել է ամբողջությամբ մարված՝ հասարակ ոչ շրջանառելի և անտոկոս մուրհակի տեսքով):
ԿԶԵՀ ծրագրերի ընթացիկ պորտֆելը Հայաստանի Հանրապետությունում ներառում է 10 ծրագիր՝ $538 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով մակրոտնտեսական, գյուղատնտեսական, տրանսպորտային, սոցիալական ուղղություններով:
Համաձայն Պայմանագրի՝ նախկինում Հիմնադրամը չէր հանդիսանում առանձին իրավաբանական անձ, իսկ նրա միջոցների կառավարումն իրականացվում էր Հիմնադրամի խորհրդի կողմից՝ Եվրասիական զարգացման բանկի (այսուհետ՝ ԵԱԶԲ) և Հիմնադրամի հիմնադիրների միջև կնքված «Հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրին համապատասխան։ Հիմնադրամի խորհրդի կողմից հավանության արժանացած ծրագրերով և նախագծերով գործառնությունները իրականացնում էր ԵԱԶԲ-ն:
«Տարածաշրջանային ընթացիկ զարգացումները բացահայտեցին Հիմնադրամի վերափոխման հրատապ անհրաժեշտությունը՝ հանդես գալու որպես լիարժեք անկախ միջազգային կազմակերպություն: Արդյունքում, 2023թ․ մշակվել և Հիմնադրամի խորհրդին է ներկայացվել արդիականացված կանոնադրական փաստաթղթերի փաթեթ, որի նպատակն է ապահովել ԿԶԵՀ 2022-2026թթ. ռազմավարության դրույթների անխոչընդոտ իրականացումը՝ Հիմնադրամին միջազգային ֆինանսական կազմակերպության կարգավիճակ շնորհելու միջոցով:
Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը 2024թ. հունիսի 26-ին ստորագրվել է Հիմնադրամի բոլոր անդամ պետությունների կողմից (ՀՀ-ում վավերացվել է 2024թ. դեկտեմբերի 10-ին):
Համաձայն փոփոխված կանոնադրության 1-ին հոդվածի՝ ԿԶԵՀ-ը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն է։ Եվ որպես այդպիսին (ինչպես միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող մյուս կազմակերպությունների դեպքում) անհարժեշտություն է առաջացել սահմանել Հիմնադրամի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու պայմանները:
Հետևապես սույն՝ «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրով սահմանվում են ՀՀ-ում Հիմնադրամի իրավական կարգավիճակի և իրավունակության, Հիմնադրամի և ներկայացուցչությունների անձեռնմխելիության, ԿԶԵՀ գործունեության ապահովման, աշխատակիցների հարկային, մաքսային արտոնությունների տրամադրման, անձեռնմխելիության և այլ դրույթներ:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև ԿԶԵՀ-ի կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման, վերջինիս կարգավիճակի, անձեռնմխելիության, արտոնությունների տրամադրման և ճանաչման, Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության խորացման տեսանկյունից՝ Համաձայնագրի հաստատումը համարում ենք նպատակահարմար», - նշել են փաստաթղթի հեղինակները՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։
Նշենք, որ 2026 թվականի փետրվարի 5-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովի հետ Երևանում ստորագրել են "Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գտնվելու պայմանների մասին համաձայնագիրը"։ Վերոնշյալի համատեքստում Անդրեյ Շիրոկովը նշել է, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի մշտական ներկայության համար լիարժեք իրավական բազայի ստեղծումը թույլ կտա ավելի օպերատիվ արձագանքել երկրի տնտեսության կարիքներին, ընդլայնել նախագծերի պորտֆելը և խորացնել երկխոսությունը փորձագետների հետ: