Չորեքշաբթի, 11 Մարտի 2026 14:04

Հայաստանի ԿԲ-ը խարդախության դեմ պայքարի նպատակով ներդնում է ինքնապաշտպանության մեխանիզմներ. 2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները կկարողանան մեկ հպումով արգելափակել առցանց գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով

Հայաստանի ԿԲ-ը խարդախության դեմ պայքարի նպատակով ներդնում է ինքնապաշտպանության մեխանիզմներ. 2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները կկարողանան մեկ հպումով արգելափակել առցանց գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ, ինքնապաշտպանության գործիքներն ու մեխանիզմները ներդրվում են խարդախության դեմ պայքարի նպատակով:

 

Օրինակ՝ հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաև այլ առցանց գործառնություններ։ Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։

 

Գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները և լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից։


Մինչ ֆինանսական կազմակերպությունների կողմից գործիքի գործարկումը Կենտրոնական բանկը լրացուցիչ կտեղեկացնի և կհիշեցնի սպառողներին դրա կիրառման կարգի և հնարավորությունների վերաբերյալ։

«Կարգավորման մանրամասները՝ «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» Կանոնակարգ 8/09-ում:

 

Հուլիսի 1-ից հետո գործիքի առկայությունը պարտադիր է՝ բանկերի, օտարերկրյա բանկի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար, որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ հեռավար եղանակով», - ասվում է հաղորդագրությունում: