
Արմինֆո.Հայաստանը կմասնակցի MITT 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։
Ինչպես հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը, վերջինս տեղի կունենա մարտի 11-13-ը Մոսկվայի "Կրոկուս Էքսպո" ցուցահանդեսային համալիրում:
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ցուցահանդեսին կներկայանա Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների հետ միասնական տաղավարով:
Ցուցահանդեսը կարևոր հարթակ է միջազգային գործընկերների հետ կապերի ամրապնդման, Հայաստանի զբոսաշրջային ներուժի ներկայացման և նոր համագործակցությունների ձևավորման համար։
Նշենք, որ MITT-ը (Moscow International Travel & Tourism Exhibition) անցկացվում է 1994 թվականից և համարվում է խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Այն ծառայում է որպես մասնագիտական B2B հարթակ համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների՝ ազգային զբոսաշրջային կազմակերպությունների, զբոսաշրջային օպերատորների, հյուրանոցային ցանցերի, տրանսպորտային ընկերություններ և տեխնոլոգիական ծառայությունների համար:
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանից Հայաստան է այցելել ավելի քան 116 հազար զբոսաշրջիկ, ինչը կազմում է զբոսաշրջային հոսքի ընդհանուր ծավալի 37%-ը։