Հինգշաբթի, 5 Մարտի 2026 12:44
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը Microsoft-ի հետ քննարկել է համատեղ կրթական նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները

Հայաստանը Microsoft-ի հետ քննարկել է համատեղ կրթական նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները

Արմինֆո.Բարսելոնայում ընթացող «Համաշխարհային բջջային կոնգրեսի» (MWC) շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել «Մայքրոսոֆթ» (Microsoft) ընկերության հանրային հատվածի կորպորատիվ փոխնախագահ Ֆիլիպ Ռոժեի հետ։

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է կառավարության ռազմավարական տեսլականը, որն ուղղված է Հայաստանի թվային փոխակերպմանը, տվյալների վրա հիմնված տնտեսության ձևավորմանը և բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի հզորացմանը։ Նախարարի տեղակալը հատուկ ընդգծել է միջազգային տեխնոլոգիական առաջատարների հետ գործակցության դերը՝ որպես նորարարական ներուժի իրացման և պետական համակարգում ժամանակակից լուծումների ներդրման արդյունավետ գործիք։

 

Կողմերն անդրադարձել են առկա փոխգործակցության դինամիկային և քննարկել համագործակցության խորացման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով գործընկերության ընդլայնման հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գիտելիքի և փորձի փոխանակմանը, ինչպես նաև արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների կիրառման հեռանկարներին։

 

Երկուստեք կարևորվել է կրթության և շարունակական ուսուցման դերը՝ որպես նորարարության, տնտեսական աճի և կայուն զարգացման առանցքային խթանիչներ։ Այս համատեքստում քննարկվել են մասնագիտական վերապատրաստման և համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները, որոնք կնպաստեն մարդկային կապիտալի զարգացմանը։

 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները և ուսումնասիրել համագործակցության ամրապնդման կոնկրետ ձևաչափերն ու առաջնահերթ ուղղությունները՝ ուղղված Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանը։

 

Հիշեցնենք, որ Microsoft-ը աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաներից մեկն է, որը մասնագիտանում է ծրագրային ապահովման մշակման, ամպային ծառայությունների, արհեստական ​​բանականության և թվային հարթակների մեջ: Այսօր Microsoft-ը գործում է ավելի քան 190 երկրներում և համագործակցում է կառավարությունների, կրթական հաստատությունների և ընկերությունների հետ ամբողջ աշխարհում:

 

2006 թվականին ընկերությունը տարածաշրջանային ներկայացուցչություն է բացել Հայաստանում: Հիմնական նախագծերից մեկը Microsoft Innovation Center Armenia-ի ստեղծումն էր: Կենտրոնի հիմնական խնդիրներն են․ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների պատրաստում և հավաստագրման դասընթացների անցկացում, ստարտափներին և տեխնոլոգիական ընկերություններին աջակցություն, կրթական ծրագրերի և դասընթացների անցկացում, աջակցություն նորարարական ապրանքների և ծառայությունների ստեղծմանը: