
Արմինֆո.Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Ֆաբրիցիո Ձարկոնեին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին ու արդյունքներին առնչվող մի շարք հարցեր։
Ընդգծվել է Հայաստանում աշխատատեղերի ստեղծման և աշխատուշուկայի ակտիվացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների դերը․ դիտարկվել է «Աշխատատեղերի ստեղծում և սոցիալական ինտեգրում» ծրագրի շրջանակում համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը։ ՀԲ կողմից ներկայացվել է ծրագրով նախատեսվող գործողությունների շրջանակը՝ շեշտադրելով դրանց համապատասխանությունը ՀՀ ոլորտային առաջնահերթություններին։
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է Համաշխարհային բանկի հանձնառությունը՝ Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և աշխատատեղերի ստեղծման օրակարգի առաջմղման հարցում։
Նշենք, որ Հայաստանում աշխատելու պահից (1992թ.) ի վեր Համաշխարհային բանկը պետությանը մոտ 2.7 մլրդ դոլար է տրամադրել Զարգացման միջազգային ասոցիացիայից (IDA), որի դոնոր է դարձել Հայաստանը՝ 2023թվականին, ինչպես նաեւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից (IBRD) եւ հավատարմագրային հիմնադրամներից: