Երեքշաբթի, 3 Մարտի 2026 14:08
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահը մասնակցել է ITB Berlin 2026 շրջանակում նախարարների գագաթնաժողովին

Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահը մասնակցել է ITB Berlin 2026 շրջանակում նախարարների գագաթնաժողովին

Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը մասնակցել է ITB Berlin 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մեկնարկից առաջ իրականացված «Զարգացող զբոսաշրջային ուղղությունների հզորացում․ ներուժից դեպի արդյունք» խորագրով նախարարների գագաթնաժողովին։

 

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, Բեռլինում կայացած միջոցառումը համախմբել էր զբոսաշրջության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների՝ քննարկելու զարգացող ուղղությունների կայուն և արդյունավետ զարգացման ուղիները։

 

Քննարկումների առանցքում էին զբոսաշրջության արագ աճի արդյունավետ կառավարման մեխանիզմները, ներդրումների ուղղորդումը՝ տեղական համայնքների շահերից ելնելով, մարդկային ռեսուրսների զարգացումը, ինչպես նաև տվյալների և թվային գործիքների կիրառումը՝ ռազմավարական պլանավորման և նորարարության համար։

 

ՄԱԿ գլխավոր քարտուղարն իր ելույթում հատուկ ընդգծել է խաղաղության առանցքային նշանակությունը՝ որպես կայունության, միջազգային համագործակցության և զբոսաշրջության երկարաժամկետ զարգացման հիմք։

 

Գագաթնաժողովը կարևոր հարթակ է հանդիսացել պետական և մասնավոր հատվածների համագործակցության ամրապնդման և զբոսաշրջության կայուն զարգացման խթանման համար։

 

Նշենք, որ ITB Berlin-ը աշխարհի խոշորագույն և հեղինակավոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկն է, որն ամեն տարի հավաքում է զբոսաշրջության ոլորտի մասնագետներ տասնյակ երկրներից: Այն անցկացվում է 1966 թվականից և իր հիմնադրումից ի վեր ցուցահանդեսը փոքր արդյունաբերական տոնավաճառից վերածվել է գործարար կապերի, փորձի փոխանակման և ամբողջ աշխարհից զբոսաշրջային ծառայությունների և ապրանքների ցուցադրման գլոբալ հարթակի:

 

Միջոցառմանը մասնակցում են զբոսաշրջային շուկայի տասնյակ հազարավոր մասնագետներ, որոնց թվում են զբոսաշրջային գործակալությունների, ավիաընկերությունների, հյուրանոցային ցանցերի, ճանապարհորդական տեխնոլոգիաների մշակողների և ճանապարհորդության հետ կապված այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: ITB Berlin-ն առաջարկում է ցուցահանդեսներ, թեմատիկ տաղավարներ, կոնֆերանսներ, սեմինարներ, ինչպես նաև գործարար հաղորդակցության և պայմանագրերի կնքման ծրագրեր:

 

Հարթակը ներառում է բիզնես մաս (B2B), որտեղ ոլորտի ներկայացուցիչները քննարկում են արդի միտումները, տեխնոլոգիաները, մարքեթինգային ռազմավարությունները և միջազգային համագործակցությունը, ինչպես նաև ITB Berlin Convention - ը ՝ Կոնգրես-ծրագիր փորձագետների և ոլորտի առաջնորդների մասնակցությամբ: