Երկուշաբթի, 2 Մարտի 2026 12:38
Ալինա Հովհաննիսյան

Բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների  առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է․ Մխիթար Հայրապետյան

Բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների  առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է․ Մխիթար Հայրապետյան

Արմինֆո.«Ուրախությամբ հայտնում եմ, որ բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների (GPU) առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է», - հաղորդել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

 

«Սա կարևոր քայլ է ՀՀ կառավարության «ԱԲ գործարանների պարտեզ» հայեցակարգի կյանքի կոչման և մեր երկրի՝ հաջորդ սերնդի ԱԲ տվյալների ենթակառուցվածքի ստեղծման ճանապարհին։ Այս սարքավորումների ներմուծումը մեր տեսլականի իրագործումն է և վճռական քայլ՝ ապագայի տեխնոլոգիաների ձևավորման մեջ Հայաստանի տեղը սահմանելու ճանապարհին։

 

Այս փուլը հաջորդում է Գագարինում ԱԲ տվյալների կենտրոն կառուցող Eleveight AI ընկերության ղեկավարության հետ ամիսներ առաջ մեր ունեցած ռազմավարական հանդիպմանը, որի ընթացքում բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքների ընդլայնումը, ինչպես նաև տեխնոլոգիաների հասանելիության ու մատչելիության բարձրացումը սահմանել ենք որպես մեր ազգային առաջնահերթություններից մեկը։

 

Այս ենթակառուցվածքը կներգրավի տեղական նորարարներին, կհզորացնի մեր հաշվարկային կարողությունները և կխթանի թվային փոխակերպումը թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածներում», - գրել է Հայրապետյանը։