Ուրբաթ, 27 Փետրվարի 2026 15:41
Ալեքսանդր Ավանեսով

Բժշկական ծառայություններ մատուցելիս բոլոր առողջապահական օբյեկտները պետք է տրամադրեն ՀԴՄ էլեկտրոնային կտրոններ

Բժշկական ծառայություններ մատուցելիս բոլոր առողջապահական օբյեկտները պետք է տրամադրեն ՀԴՄ էլեկտրոնային կտրոններ

Արմինֆո.Բժշկական ծառայություններ մատուցելիս բոլոր առողջապահական օբյեկտները պետք է տրամադրեն հսկիչ - դրամարկղային մեքենաների էլեկտրոնային կտրոններ։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը փետրվարի 27-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Արուսյակ Մանավազյանի ներկայացրած փոփոխություններին:

 

Ինչպես նշել է Ծովինար Վարդանյանը, բժշկական ծառայությունների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հավաքվելու է ԱՐՄՄԵԴ ծրագրային համակարգում, ինչը թույլ կտա ձևավորել միասնական տեղեկատվական համակարգ: Այդ նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքի 380.1 - րդ հոդվածում, ըստ որի, բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կդառնա հսկիչ-դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի օգտագործումը: Եթե վճարումը կատարվել է վճարային գործիքների կիրառմամբ՝ վճարային տեխնոլոգիաների հիման վրա, ապա այդ դեպքում ՀԴՄ-ի առկայությունը կդառնա պարտադիր: "Մատուցված ծառայությունների դիմաց ձևավորվելու է ՀԴՄ էլեկտրոնային կտրոն, որը քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային առողջապահական համակարգի հավելվածի միջոցով", - պարզաբանել է Ծովինար Վարդանյանը: Առաջարկվում է նաև հարկային հաշիվ-ապրանքագրի և կտրոնի վրա տպագրել համապատասխան բժշկական ծառայության անձնավորված նույնականացման կոդը, որը գեներացվել է էլեկտրոնային առողջապահական համակարգի կողմից յուրաքանչյուր մատուցված ծառայության համար: "Կոդը ցույց կտա, թե քաղաքացին ինչ ծառայություններից է օգտվել և որքան է վճարել դրանց դիմաց։ Սա նաև վերահսկման գործիք է", - նշել է բանախոսը ։