Ուրբաթ, 27 Փետրվարի 2026 12:18
Նաիրա Բադալյան

Եկամուտների որ տեսակների վրա է տարածվում 1 մլն դրամի չհայտարարագրվող շեմը

Եկամուտների որ տեսակների վրա է տարածվում 1 մլն դրամի չհայտարարագրվող շեմը

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ՀՀ կառավարության փետրվարի 26-ի՝ տարեկան հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակները և շեմերը սահմանելու մասին որոշումը:

Մասնավորապես, սահմանվել են, որ հայտարարագրի 2-րդ բաժնում նվազեցվող (չհար­կվող) եկամուտներից չեն լրացվի, օրինակ, ստացվող վարկերի գումարները, ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, այդ թվում՝ պետական պարգև­ները (մրցա­նակ­ները), մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով, և մի շարք այլ նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներ։

Նույն որոշման նախագծով սահմանվել են, որ հայտարարագրման ենթակա չեն միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ ստացվող նվազեցվող եկամուտների հետևյալ տեսակները․ ֆիզիկական անձանցից ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ; ստացվող փոխառությունների գումարները; գույքի վաճառքից այլ ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, բացառությամբ՝ հողամասի վաճառքից ստացվող եկամուտների; աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարներ; ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ; ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ, նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումներ; առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ:

«Կարևոր է իմանալ, որ սահմանված շեմը գերազանցելու դեպքում վերոհիշյալ եկամուտները հայտարա­րագրման ենթակա են ամբողջ գումարի չափով։ Այսինքն, եթե անձը, օրինակ, միանվագ ստացել է 1 մլն 200 հազար դրամ գումար, ապա վերջինս պարտավոր է հայտարարագրել այդ ամբողջ գումարը, ոչ թե միայն գերազանցող մասը՝ 200 հազար դրամը։

Ի դեպ, հայտարարատուները, ցանկության դեպքում, կարող են հայտարարագրել իրենց

չհարկվող եկամուտները՝ անկախ դրանց հայ­տարարագրման ոչ ենթակա լինելու կամ շեմը չգերազանցելու հանգամանքից։

Ուշադրություն, հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից (ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները) ստացվող նվազեցվող (չհարկվող) եկամուտները՝ անկախ ստացվող եկամտի մեծությունից», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում:

Հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն սկսվել է 2023 թվականից։ Գործընթացը կազմակերպվել է երեք փուլով: Համակարգի ներդրումը կավարտվի 2026 թվականին ։ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ քաղաքացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու միջոցով կարող են օգտվել եկամտահարկի գումարից սոցիալական (կրթության և առողջապահության) ծախսերի փոխհատուցման հնարավորությունից: Այս հնարավորությունը տարածվում է ինչպես անձամբ հայտարարատուի, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսնու, ծնողների և երեխաների) կատարած սոցիալական ծախսերի վրա: Ծախսերի փոխհատուցումը մեկ հաշվետու տարվա ընթացքում չի գերազանցում 100 հազար դրամը: 2025 թվականի եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է 2026 թվականի մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը: