Ուրբաթ, 27 Փետրվարի 2026 11:44
Նաիրա Բադալյան

Մինչև 1 մլն դրամի գործարքները հայտարարագրման ենթակա չեն․ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ

Մինչև 1 մլն դրամի գործարքները հայտարարագրման ենթակա չեն․ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ

Արմինֆո. 1 մլն դրամի (մոտ 2600 դոլար) շեմը չգերազանցող գործարքները (ոչ առևտրային կազմակերպությունից կատարված գործարքները) ենթակա չեն հայտարարագրման՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակներում: Այդ մասին փետրվարի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության եւ հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը։

Ալեքսանյանի խոսքով՝ չհայտարարագրվող 1 մլն դրամի շեմը տարածվում է չհարկվող գործարքների վրա։ Դրանք գույքի օտարումից որպես նվիրատվություն, անհատույց, փոխառություն կամ միանվագ եկամուտ ստացված եկամուտներն են: Դա վերաբերում է նաև դրսից եկող փոխանցումներին։ Ընդ որում,  սահմանը կիրառվում է յուրաքանչյուր ֆինանսական գործարքի համար առանձին:

Եթե մեկ գործարքի գումարը չի գերազանցում 1 մլն դրամը, ապա այն ենթակա չէ հայտարարագրման, նույնիսկ, եթե որոշակի ժամանակահատվածում մի քանի նման գործարքների համախառն ծավալը գերազանցում է սահմանված շեմը, պարզաբանել է Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը: Միևնույն ժամանակ, օրենսդիրը հնարավորություն է տալիս հայտարարատուին հայտարարագրել այդպիսի գումարներ, եթե ֆիզիկական անձը նման ցանկություն ունի:

Ինչ վերաբերում է աշխատանքային միգրանտներից ընտանիքի անդամներին (ամուսին, ծնողներ, քույրեր, եղբայրներ, երեխաներ, պապիկներ, տատիկներ և թոռներ, որդեգրողներ և որդեգրվածներ) դրամական փոխանցումներին, ապա Ալեքսանյանի խոսքով, շարունակում է գործել ՀՕ-ում նախկինում արձանագրված կարգավորումը: Մասնավորապես, ընտանիքի անդամների միջև գործարքները հայտարարագրման ենթակա չեն և չեն հարկվում:

Միեւնույն ժամանակ, եթե գերազանցվել է չհայտարարագրվող 1 մլն դրամի շեմը, սակայն եկամուտը համարվում է չհարկվող (նվազող), ապա այդ գումարը հայտարարագրվում է, բայց չի հարկվում:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի կառավարությունը սահմանել է եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ կամ շեմեր:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն՝

1) ստացվող վարկերի գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին),

2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն ՀՀ դրամը ներառյալ միանվագ ստացվող փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին),

3) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգևները (մրցանակները),

4) գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները` եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները,

5) մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից, մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը և (կամ) դրամական միջոցները,

7) ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ չափով անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները,

8) սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ ստացվող եկամուտները, բացառությամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտների։

Հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն սկսվել է 2023 թվականից։ Գործընթացը կազմակերպվել է երեք փուլով: Համակարգի ներդրումը կավարտվի 2026 թվականին ։ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ քաղաքացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու միջոցով կարող են օգտվել եկամտահարկի գումարից սոցիալական (կրթության և առողջապահության) ծախսերի փոխհատուցման հնարավորությունից: Այս հնարավորությունը տարածվում է ինչպես անձամբ հայտարարատուի, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսնու, ծնողների և երեխաների) կատարած սոցիալական ծախսերի վրա: Ծախսերի փոխհատուցումը մեկ հաշվետու տարվա ընթացքում չի գերազանցում 100 հազար դրամը: 2025 թվականի եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է 2026 թվականի մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը: