
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հերքել է մարտի 1-ից կանխիկ վճարումներն արգելելու մասին լուրերը:
"Ոչ, նման բան չկա։ Լուրերն այն մասին, թե մարտի 1-ից կանխիկ վճարումներն ամբողջությամբ կարգելվեն, և մարդիկ անպայման պետք է վճարեն անկանխիկ միջոցներով, քարտով կամ բանկային փոխանցումով, իրականությանը չեն համապատասխանում: Ուզում եմ ասել, որ նման որոշում չկա, եւ ծրագրերում նույնպես չկա։ Ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա. մինչև 300 000 դրամ գործարքների դեպքում անձը կարող է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով, 300 000 դրամից ավելի գործարքների դեպքում անկանխիկ վճարումը պետք է պարտադիր լինի", - Facebook-ի իր էջում նշել Է խորհրդարանականը:
Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ առևտրային գործառնություններում բացառությունը վերաբերում է բժշկական և կրթական ծառայություններին: Դրանցում անկանխիկ միջոցներով վճարումը պետք է լինի պարտադիր: "Չգիտեմ, թե որտեղից են այդ լուրերը, բայց նման բան չկա։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի ևս մեկ բան ասել․ մարտի 1-ից ունենք ևս մեկ կարևոր փոփոխություն։ Բանկային քարտերի կիրառմամբ անկանխիկ առևտրի դեպքում դրանց օգտագործման միջնորդավճարը կիսով չափ կրճատվում է: Այլ կերպ ասած՝ ARCA քարտերով առևտրի դեպքում միջնորդավճարը կկազմի ընդամենը 0,5%, իսկ Mastercard և Visa քարտերով առևտրի դեպքում ՝ ընդամենը 0,9%: Կարծում եմ ՝ սա շատ կարևոր և լավ նորություն է, հատկապես, փոքր բիզնեսով զբաղվող մեր գործարարների համար։ Կցանկանայի նաև հիշեցնել, որ ATCA քարտերով առևտրի դեպքում մեր հայրենակիցները նաև կարող են ստանալ 2% հետվճար", - նշել է պատգամավորը: