
Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը բավականին կապիտալացված է և ունի բարձր իրացվելիություն։ Այդ մասին փետրվարի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը, նշելով, որ համակարգի կապիտալացման մակարդակը հասել է 2.2 տրիլիոն դրամի։
"Երբեւիցե Հայաստանի բանկային համակարգը չի ունեցել կայունության այնպիսի բարձր ցուցանիշներ, որը թույլ տա մեր բանկերին անցնել զարգացման երկրորդ փուլ՝ միջազգային ինտեգրման", - ասել է նա:
Խոսելով բանկային համակարգի մասին՝ աշխարհաքաղաքական իրավիճակի տեսանկյունից ՝ ՀԲՄ ղեկավարը հիշատակել է TRIPP նախագիծը (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման)։ Նա նշել է, որ տնտեսական ակտիվությունը, որն ակնկալվում է այդ նախագծի իրագործումից հետո, կարող է դրական ազդեցություն ունենալ երկրի ֆինանսական շուկայի վրա: «Պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ բանկային համակարգի համատեքստում, բայց, այնուամենայնիվ, մեր բանկերը պատրաստ կլինեն սպասարկել նախագծի ենթակառուցվածքները: Կարծում եմ, որ TRIPP-ի իրականացումը թույլ կտա մեր բանկային շուկա ներգրավել միջազգային հեղինակավոր բանկերի ՝ ինչպես գործընկերության, այնպես էլ անմիջական մասնակցության առումով։ Այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել», - նշել է Ազատյանը։
Հիշեցնենք, որ 2025թ. օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրեցին յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում․ այն կմիացնի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավին, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման") Հայաստանի հարավով անցնող 42 կմ ճանապարհահատվածն է, որը 99 տարով կհանձնվի ԱՄՆ կառավարմանը: