Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026 11:40
Նաիրա Բադալյան

ՀՀ ՊԵԿ. 2025թ. հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն 2026թ. մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը ներառյալ

ՀՀ ՊԵԿ. 2025թ. հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն 2026թ. մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը ներառյալ

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիշեցնում է, որ 2025 թ․ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։

 

2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ՀՀ ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։

 

ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա՝ հայտարարագրի ներկայացման համար սահմանված ժամկետում։

 

Միաժամանակ, հայտարարատու ֆիզիկական անձինք կարող են մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը փոփոխել հարկային մարմնի նախալրացրած՝ 2025 թ․ հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը և ներկայացնել հարկային մարմին: Եթե մինչև 2026 թ․ նոյեմբերի 1-ը հայտարարատու ֆիզիական անձը հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրն օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին չներկայացնի, ապա այն վերջնաժամկետից հետո կհամարվի օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված:

 

Գերատեսչությունոււմ հիշեցրել են, որ 2025 թ․ հաշվետու տարվա համար հայտարարատու ֆիզիկական անձինք 2025 թվականին ստացված ծառայությունների մասով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող են օգտվել 2026 թվականի մարտի 2-ից հետո՝  էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո։ Հիշեցնենք, որ փոխհատուցումը տրամադրվում է հայտարարատուի և նրա ընտանիքի անդամների կրած կրթության և առողջապահության ծախսերի համար՝ առավելագույնը 100 հազար դրամի չափով:

 

Սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգին` քայլ առ քայլ, կարելի է ծանոթանալ այստեղhttps://www.src.am/am/getNews/886