Շաբաթ, 14 Փետրվարի 2026 17:13
Ալինա Հովհաննիսյան

Պապոյան․ Երկաթուղու կառավարման հարցում առաջնային են մնում Հայաստանի շահերը 

Պապոյան․ Երկաթուղու կառավարման հարցում առաջնային են մնում Հայաստանի շահերը 

Արմինֆո "Եթե Ռուսաստանը կարողանա ներդնել եւ սպասարկել այդ համակարգը այնպես, որ Հայաստանի տարածքով բեռներ անցնեն, եւ մենք դրանից տնտեսական եւ քաղաքական դիվիդենտներ եւ անվտանգություն ստանանք, ապա խնդիր չկա", - փետրվարի 14-ին կայացած ճեպազրույցում ասել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության անդամ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմի հետ քննարկումներ եղել են երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Հայաստանի եւ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող երկրին փոխանցելու շուրջ։

 

Նա ընդգծել է, որ, ամեն դեպքում, կառավարությունը գերակա է համարում Հայաստանի Հանրապետության շահերը, այլ ոչ թե՝ ցանկացած այլ պետության, որի հետ լավ հարաբերությունների մեջ է: «Մենք սիրում և հարգում ենք բոլորին: Բայց եթե կշեռքի մի նժարին լինեն Հայաստանի շահերը, մյուս նժարին՝ բարեկամ երկրի, դաշնակցի, բնականաբար, մեզ համար առաջնային են լինելու Հայաստանի շահերը", - ասել է Պապոյանը։

 

Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ դրանք ոչ թե հակառուսական, հակաիրանական գործընթացներ են, այլ՝ հայամետ։

 

ՔՊ վարչության անդամը նշել է, որ աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք շատ լավ հարաբերություններ ունեն Հայաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Բայց, միևնույն ժամանակ, նա ցավով է նշել, որ որոշ գործընկերներ կամ նրանց մի մասը չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել միմյանց հետ։ "Իսկ մենք պետք է փորձենք ինչ-որ կերպ լուծել մեր խնդիրները", - նշել է Պապոյանը։

 

Նշենք, որ երեկ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը մտադիր չէ Ռուսաստանի դեմ գործել, սակայն ռուսական կողմից երկաթուղու կառավարման պատճառով խնդիրների է բախվում իր շահերի համար: Այդ առնչությամբ, Փաշինյանի ասելով, Հարավկովկասյան երկաթուղու  (ՀԿԵ) կառավարումը կարող էր փոխանցվել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին բարեկամ երկրի: Օրինակ, նա որպես հնարավոր թեկնածուներ հիշատակել է Ղազախստանը, ԱՄԷ-ն կամ Քաթարը։