Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026 13:12
Նաիրա Բադալյան

Հայաստանում կներդրվի զբոսաշրջային ծառայություններ մատուցողների էլեկտրոնային գրանցամատյան։ Վերջիններիս կվարկանշեն և կպատժեն անբարեխիղճ աշխատանքի համար

Հայաստանում կներդրվի զբոսաշրջային ծառայություններ մատուցողների էլեկտրոնային գրանցամատյան։ Վերջիններիս կվարկանշեն և կպատժեն անբարեխիղճ աշխատանքի համար

Արմինֆո.Հայաստանը ներդնում է զբոսաշրջային ծառայություններ մատուցողների էլեկտրոնային գրանցամատյան։ Արդյունքում՝ զբոսաշրջային ծառայությունների ոլորտում կարող են աշխատել միայն նրանք, ովքեր գրանցված են տվյալ այդ էլեկտրոնային համակարգում ։ Նախաձեռնությունը կառավարության հավանությանն է արժանացել փետրվարի 12-ի նիստում:

 

Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, զբոսաշրջության ոլորտի նոր օրենսդրությամբ նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 1-ից զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա։

Նշվում է, որ օրենսդրական վերոգրյալ փոփոխությունը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային կազմակերպության կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում օրենքով հաստատված սպառողների շահերի պաշտպանությանը, Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրման վերահսկողության մեխանիզմների ներդրմանը, զբոսաշրջության բնագավառում վիճակագրության բարելավմանը։

 

«Հատկանշական է, որ ներկայումս զբոսաշրջության ոլորտում առկա է մի իրավիճակ, որը բացասական է ազդում մրցակցային միջավայրի վրա։ Բազմաթիվ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք, մեծամասամբ նույնիսկ առանց պետական գրանցման, զբաղվում են զբոսաշրջային օպարատորի, զբոսաշրջային գործակալի, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի, զբոսաշրջային տրանսպորատային ծառայություններ մատուցող անձի, զբոսավարի և ուղեկցորդի գործունեությամբ, մատուցում ցածրորակ ծառայություններ, Հայաստանն ու հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում են իրենց կարողությունների ու պատկերացումների շրջանակներում, որպես կանոն, աշխատակիցներ չունեն և աշխատատեղեր չեն էլ ստեղծում, հարկեր չեն վճարում, բնականաբար ծառայություններն առաջարկում են անհամեմատ ավելի ցածր գներով, քան բարեխիղճ գործարարները, որոնք արդեն կանգնած են շուկայից դուրս մղման վտանգի առաջ։

 

Սույն նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը։ Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը հնարավորություն կտա ապահովել որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև՝ առկա տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը», - ասվում է Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնած որոշման հիմնավորման մեջ։

 

Այսպիսով, ոլորտի ներկայացուցիչները միասնական հարթակում գրանցվելուց հետո Էկոնոմիկայի նախարարությունից կստանան հավաստագրեր: Կեղծ տվյալներ տրամադրելու համար ընկերությունները կկրեն ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն։ Կներդրվի նաև զբոսաշրջային ծառայություններ մատուցողների աշխատանքի գնահատման բալային համակարգ (կձևավորվի տվյալ ծառայություններից օգտվողների գնահատման հիման վրա):

 

Նախատեսվում է, որ օրինագծի ընդունումը կնպաստի զբոսաշրջային ծառայություններ մատուցողների պատշաճ, թափանցիկ գործունեության, հավասար մրցակցային պայմանների, ծառայությունների բարձր որակի և տեղեկատվության մատչելիության ապահովմանը: Օրինագծի ընդունումը կբարելավի նաև զբոսաշրջության ոլորտի վիճակագրությունը։

 

Ինչպես վկայում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալները, 2025 թվականին Հայաստան է այցելել 2,26 մլն զբոսաշրջիկ, ինչը 2,7% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Ավանդաբար, զբոսաշրջիկների առյուծի բաժինը պատկանում է ՌԴ քաղաքացիներին (41% կամ 921.7 հազար մարդ), որին հաջորդում են զբոսաշրջիկները Վրաստանից (13% կամ 288.5 հազար մարդ), Իրանից (8% կամ 182.3 հազար մարդ), ԱՄՆ-ից (3% կամ 60.8 հազար մարդ), Չինաստանից (2% կամ 44.6 հազար մարդ), Գերմանիայից (1,5% կամ 34․1 հազար մարդ), Հնդկաստանից եւ Ուկրաինայից (1,2-ական տոկոս կամ 28․4 հազար եւ 27․6 հազար մարդ), Իտալիայից (1% կամ 22․6 հազար մարդ) եւ այլն։ Ընդ որում, Հայաստանում նախընտրում են հանգստանալ առավելապես 35-44 տարեկան (33%) մարդիկ, որոնց հաջորդում են 25-34 տարեկան (16%), 45-54 տարեկան (15%), 55-64 տարեկան (11%), 18-24 տարեկան (7%), մինչև 12 տարեկան (6%), 13-17 տարեկան (4%) զբոսաշրջիկները:

 

ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի համաձայն,  Ռազմավարության և համապատասխան գործողությունների ծրագրի պատշաճ իրականացման արդյունքում 2030 թվականին ոլորտի եկամուտները կհասնեն 3,8 մլրդ դոլարի, պետական բյուջեի մուտքերը կկազմեն շուրջ 750 մլն դոլար, կստեղծվի նաև շուրջ 20 հազար լրացուցիչ աշխատատեղ: