
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը լրացումներ է կատարել սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։
Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, և էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ «Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինն իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա, ֆիզիկական անձը կարող է նախալրացված հայտարարագիրը փոփոխել, իսկ փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի օրն այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված։ Սոցիալական ծախսը ֆիզիկական անձին փոխհատուցվում է, եթե վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը»,-ասել է նախարարը:
Ըստ այդմ՝ առաջարկվում է սոցիալական ծախսերի հետ կապված հարաբերությունները կարգավորող Կառավարության որոշումը համապատասխանեցնել կատարված օրենսդրական փոփոխություններին՝ սահմանելով, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձն օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ «Մինչև Հարկային օրենսգրքում վերոնշյալ փոփոխությունը կատարելը սոցիալական ծախսից օգտվելու համար հայտարարատու ֆիզիկական անձը պետք է ներկայացրած լիներ եկամտային հարկի տարեկան հաշվարկը, իսկ հայտարարագիրը կարող էր ներկայացվել միայն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատվելուց հետո։ Այսինքն՝ նախկինում գործող մոտեցումը պահպանվել է, ինչը նշանակում է, որ սոցիալական ծախսից օգտվելու կարգի առումով խստացում չի կատարվում»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախորդ տարի ինչ կարգ էր գործում. քաղաքացիները պետք է իրենք ունենային նույնականացման քարտ՝ պարտադիր լրացնելու համար համընդհանուր հայտարարագիրը, դրանից բխող էլեկտրոնային ստորագրություն: Այսինքն՝ իրենք մտնում, լրացնում էին, էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրում ու ներկայացնում էին։ Ներկայացնելու պահից ծագում էր սոցիալական կրեդիտը, դրանց առկայության դեպքում համապատասխան ծախսերի, վերադարձի իրավունքը գործում էր»։
Վարչապետը նշել է, որ 70 տոկոսից ավելի քաղաքացի հայտարարագիրը հաստատել է այնպիսին, ինչպես ինքնաշխատ ձևով գեներացվել է. «Նրբությունը, որը ավելացել է, լրացնելիս էլեկտրոնային ստորագրության անհրաժեշտությունը չկա, բայց քանի որ սոցիալական կրեդիտի համար, այնուամենայնիվ, լրացուցիչ գործողություն կա անելու, դրա համար անհրաժեշտ է, որ նախ էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացվի, և լրացվի նաև սոցիալական կրեդիտը վերադարձնելու հայտը: Դրա համար անհրաժեշտություն է, որպեսզի նման քաղաքացիները, ովքեր ունեն սոցիալական կրեդիտ վերադարձնելու խնդիր, էլեկտրոնային ստորագրություն ունենան»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 76 հազար 537 քաղաքացի 2025 թվականի ընթացքում կամ 2024-ի հայտարարագրման արդյունքում ստացել է 6 մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ։ Միջին գումարը մեկ հայտարարատուի համար կազմել է 81 հազար դրամ։ Վարչապետի դիտարկմամբ՝ սա նաև կարևոր է Կառավարության սոցիալական քաղաքականությունները քայլ-քայլ կարգավորելու և առավել հասցեական դարձնելու համար:
Թեմայի առնչությամբ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է. «Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց նոր պլատֆորմ ունենալ: Ուզում եմ իրազեկել, որ նոր պլատֆորմի հետ կապված մրցույթը կայացել է, հիմա գնահատման փուլում ենք: Դրա արդյունքներով մենք այս տարի կմշակենք նոր պլատֆորմը, որը հենց նշված լուծումներն իր մեջ կպարունակի և ոչ միայն: Նշեմ նաև, որ մենք խոստացել էինք, որ պետք է որոշ համակարգերի հասանելիություն ստանանք, մասնավորապես, օրինակ՝ բանկային տեղեկատվությունը, քաղաքացիների թույլտվությամբ հնարավորություն ունենանք բանկերից այն ստանալու, այդ հարցն էլ ենք կարգավորում։ Մյուս հարցը. լիազորագրի միջոցով ուրիշին թույլ տալ իր փոխարեն հայտարարագիրը տեսնելը, լրամշակելը և հաստատելը, ինչպես նաև մեր սոցիալապես անապահով, նաև կենսաթոշակառուների համար ավտոմատ տեղեկատվության ստացումը ԱՍՀ նախարարության շտեմարանից: Սրանք բոլորն այս տարվա ընթացքում կլուծվեն»:
ՊԵԿ նախագահը տեղեկացրել է՝ կլինի նաև մի հավելված, որը մարդկանց հասանելի կլինի շատ ավելի պարզ եղանակով, հեռախոսներով, շատ հեշտ հարցերի միջոցով նրանց կուղղորդի ցանկացած դաշտ՝ հասկանալու, լրամշակելու և հաստատելու իրենց հայտարարագրերը։
Վահե Հովհաննիսյանն էլ հիշեցրել է՝ 2025 թվականի հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ն է և տեղեկացրել. «Երկու շաբաթվա ընթացքում մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման կամ հայտարարագրման ենթակա են միայն միանվագ գործարքի գծով սահմանված որոշակի շեմը գերազանցելու դեպքում: Սա հավելյալ պարզեցում է, որովհետև մեր քաղաքացիները հարցեր էին բարձրացնում, թե որ շեմերը՝ ընտանիքի անդամների փոխանցումները և այլն, հիմա մենք կոնկրետ սահմանում ենք այն երկար ցանկը, որոնք հայտարարագրման ենթակա չեն»:
Արձագանքելով՝ ՊԵԿ նախագահը նշել է. «Սա, բացի բուն հայտարարագրման ռեֆորմից, տրամաբանությամբ հարմարավետ հարթակ է նաև բազմաթիվ ֆիզիկական անձ հարկ վճարողների համար: Նրանք, այն, ինչը ՊԵԿ-ը չի տեսնում, օրինակ՝ վարձավճարները կամ նմանատիպ այլ եկամուտներ, այդ հարթակում շատ պարզ հայտարարագրեն և իրենց հարկերը վճարեն: 2025 թվականն այդ տեսանկյունից էլ է բավական առաջընթացի տարի եղել, ու եթե թվեր հնչեցնեմ, 8.6 մլրդ դրամ հարկեր են վճարվել այդ ճանապարհով նախորդ տարվա 4.5 մլրդ դրամի փոխարեն»։
Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը սկսվել է 2023 թվականից ։ Գործընթացը կազմակերպվել է երեք փուլով, տարեցտարի ավելանալու է այն անձանց շրջանակը, որոնք պարտավոր են ներկայացնել հայտարարագիր։ Համակարգի ներդրումը կավարտվի 2026 թվականին։ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ քաղաքացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու միջոցով կարող են օգտվել եկամտահարկի գումարից սոցիալական (կրթության և առողջապահության) ծախսերի փոխհատուցման հնարավորությունից: Այս հնարավորությունը տարածվում է ինչպես անձամբ հայտարարատուի, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսնու, ծնողների և երեխաների) կատարած սոցիալական ծախսերի վրա: Ծախսերի փոխհատուցումը մեկ հաշվետու տարվա ընթացքում չի գերազանցում 100 հազար դրամը: 2025 թվականի եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է 2026 թվականի մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը: