
Արմինֆո. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ հայկական գինեգործական 23 ընկերություն այս տարի ևս կմասնակցի գինեգործության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկին՝ WineParis-ին։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (VWFA) ։
«Wine Paris 2026-ին հայ գինեգործները կմասնակցեն ազգային միասնական տաղավարով (Stand: Hall 4, B 239)։ Մեծ հնարավորություն՝ հայկական գինու համն ու բույրը Եվրոպայում կրկին տարածելու ու միջազգային նոր գործընկերային կապեր հաստատելու համար», - ասվում է հաղորդագրությունում։ Ցուցահանդեսը տեղի կունենա փետրվարի 9-11-ը Փարիզում:
Նշենք, որ 2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում գինու արտադրությունը կրճատվել է 26% - ով՝ մինչեւ 6,7 մլն լիտր։
ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ 2025թ. առաջին կիսամյակում Հայաստանը կրճատել է գինու արտահանումը 31,8% - ով (մեկ տարի առաջվա 3,6% աճի դիմաց)՝ ապահովելով 1,4 մլն լիտր ծավալ: Ընդ որում, արտահանվող գինու մաքսային արժեքը նվազել է 12,6% - ով ՝ մինչև 7,3 մլն դոլար:
Արտահանվող գինու հիմնական ծավալն, ավանդաբար, բաժին է ընկնում ռուսական շուկային ՝ 70% (մեկ տարի առաջվա 82,7% - ի դիմաց)։ Մեծ տարբերությամբ հաջորդում են ԱՄՆ-ը (6,6%), Լեհաստանը (3,3%), Չինաստանը և Ֆրանսիան (2,5-ական ոկոս), Բելգիան (1,9%), Նիդերլանդներն ու Լիտվան (1,7-ական տոկոս), Կանադան (1,2%), Իտալիան (0,8%), Գերմանիան և Ղազախստանը (0,7-ական տոկոս): Ավելի փոքր ծավալներ են բաժին ընկել Արգենտինային, Հնդկաստանին, Հունաստանին, Բելառուսին, Բուլղարիային, Բրազիլիային, Ճապոնիային, Թայվանին, Միացյալ Թագավորությանը, Շվեյցարիային, Ուկրաինային, Չեխիային, Իսպանիային, Իսրայելին: Հազար լիտրից պակաս առաքվել է Անգոլան, ԱՄԷ, Իսլանդիա, Լատվիա, Կիպրոս, Հոնկոնգ, Մալայզիա, Նորվեգիա և Շվեդիա: