
Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստումգործադիրը հաստատել է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը, դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը, ՀՀ-ում գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030 թթ. գերակա ուղղությունները:
Կառավարության հաղորդագրության համաձայն, որոշման ընդունումը միտված է մինչև 2030 թ. արդյունավետ կառավարվող և միջազգային մակարդակով մրցունակ գիտական համակարգի ձևավորմանը, որը կգործի Եվրոպական հետազոտական տարածքի (ԵՀՏ) պահանջներին համահունչ՝ հիմնված բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի, զարգացած և օպտիմալ հետազոտական ենթակառուցվածքների և հետազոտությունների միջազգային գերազանցության վրա:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գիտության ոլորտի զարգացումը Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթություն էր և հենց այդ աշխատանքների շնորհիվ գիտության ոլորտի ֆինանսավորումը 2018-ի նկատմամբ աճել է շուրջ 180%-ով: «Հնարավոր եղավ ոչ միայն կասեցնել ոլորտի նախընթաց տարիների վայրէջքը, այլ՝ գիտության ոլորտում ներդնել զարգացման օրակարգ»,-ասել է նախարարը։
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ գիտնականների բազային վարձատրության 105-ից մինչև 300% աճ բազմազան դրամաշնորհային ծրագրերը երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը դարձրել են գրավիչ: «Սկսած 2022 թվականից մենք արձանագրում ենք գիտնականների թվի աճ, ավելի քան 600 նոր գիտնականներ են մուտք գործել ոլորտ, որոնց շարքում մեծ մասը երիտասարդներ են, ներգրավվում են հեղինակավոր գիտնականներ արտերկրից, այս պահին ունենք համագործակցություն ավելի քան 30 երկրների 160 գիտնականների հետ՝ թիրախային ծրագրերի միջոցով: Էական կապիտալ ներդրումներով հնարավոր է դարձել Հայաստանում միջազգայնորեն մրցունակ գիտական հետազոտության իրականացումը»,-ասել է նախարարը:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ գիտության միջազգային մրցունակության աճի մասին է վկայում նաև այն, որ 2025 թ. տարեվերջի դրությամբ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ-ի կողմից ներկայացվել է ընդհանուր 183 հայտ, նախորդ տարվա համեմատ 39 հայտով ավելի, ֆինանսավորման ևս ութ պայմանագիր է կնքվել՝ ընդհանուր պայմանագրերի թիվը հասցնելով 25-ի, շուրջ 8.3 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով, որը գերազանցում է նախորդ չորս տարիների բյուջեն 9.6%-ով, իսկ նախորդ փուլի այս ծրագրի բյուջեից կրկնակի ավելի է։
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ պատմական առավելագույն ցուցանիշներ են գրանցվել նաև հայաստանյան գիտնականների կողմից միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված ազդեցության գործակից ունեցող պարբերականներում հրապարակումների թվի մասով և այս պահին արդեն առկա է շուրջ 1700 հոդված: «Ռազմավարությունը, հիմք ընդունելով այս ծրագրերի շրջանակներում ստացված արդյունքներն ու ուղղությունները, նպատակ ունի շարունակել պետական նախաձեռնողական քաղաքականությունը գիտական գերազանցության և միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ, իրականացնել գիտության տնտեսականացմանն ուղղված ծրագրեր, որոնք համակարգը կզինեն գիտությունից արտադրություն ճանապարհն անցնելու կարողություններով, ենթակառուցվածքներով, մտավոր սեփականության պաշտպանության համակարգով և ֆինանսական գործիքներով, բարձրացնել գիտության ոլորտի սոցիալական ազդեցությունը՝ գիտական ձեռքբերումների ավելի լայն լուսաբանմամբ և հանրային ներգրավման միջոցառումների իրականացմամբ, ինչպես նաև հաշվետվողականության ավելի բարձր մակարդակի գործիքակազմի ներդրմամբ»,-ասել է նախարարը։
Ծրագիրը բաղկացած է 94 տարբեր գործողություններից, որոնցից մի քանիսին Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է: Մասնավորապես՝ նախատեսում է առնվազն 400 արտերկրի առաջատար հետազոտողներ, հետազոտական խմբեր կհիմնվեն ՀՀ-ում՝ դրանով իսկ նպաստելով գիտության հետազոտությունների որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը: Հայաստանի առնվազն 1000 գիտաշխատողներ կվերապատրաստվեն արտերկրի առաջատար կենտրոններում: Կներդրվի 150 արտերկրի երիտասարդ հետազոտողների ՀՀ տեղափոխման ծրագիր, ինչպես նաև հինգ գլոբալ առաջատար հետազոտողների ՀՀ տեղափոխման ծրագիր: Կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստում գիտական կազմակերպություններում, ինչը, ըստ նախարարի, շատ կարևոր է շղթան շարունակելու և տրամաբանական արդյունքի հասնելու համար: Կկառուցվի գիտությունից արտադրություն անցման երեք նախատիպավորման ենթակառուցվածքներ Ակադեմիական քաղաքում: «Այս շարքը կարող եմ երկար շարունակել: Գիտության ռազմավարական ծրագրի թերևս ամենակարևոր հանձնառությունն է մինչև 2030 թ. գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել շուրջ ՀՆԱ-ի 1%-ի շրջանակում, որի շուրջ 0.75%-ը նախատեսում ենք իրականացնել պետության կողմից, 0.25%-ը՝ մասնավորի կողմից՝ խրախուսելով նաև մասնավոր ներդրումները գիտական հետազոտություններում և մշակումներում»,-ասել է Ժաննա Անդրեասյանը։