
Արմինֆո2021-2026 թվականներին 142 միավոր գիտական սարքավորումների գնման համար ծախսվել է շուրջ 13 միլիարդ դրամ։ Այդ մասին հունվարի 29-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2025 թվականին 2018թ․ համեմատությամբ գիտության ֆինանսավորման 180 տոկոս աճ է արձանագրվել:
Վարչապետը ներկայացրել է, թե բյուջեի ֆինանսավորման փոփոխության և ատեստավորման համակարգի ներդրման արդյունքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել գիտնականների վարձատրության համակարգում: Մասնավորապես՝ 2021 թվականին լաբորանտ-ճարտարագետը ստացել է 67,300 դրամ, 2026-ին՝ 138,300 դրամ նվազագույն աշխատավարձ, աճը՝ 105 տոկոս, ավագ լաբորանտ ճարտարագետը 2021-ին՝ 76,000 դրամ, 2026-ին՝ 179,000 դրամ, աճը՝ ավելի քան 135 տոկոս, ավագ գիտաշխատողը 2021-ին՝ 99,000 դրամ, 2026-ին՝ 343,000 դրամ, աճը՝ 246 տոկոս, առաջատար գիտաշխատողը 2021-ին՝ 114,300 դրամ, 2026-ին՝ 443,800 դրամ, աճը՝ 288 տոկոս, գլխավոր գիտաշխատողը 2021-ին՝ 138,100 դրամ, 2026-ին՝ 552,900 դրամ, աճը՝ 300 տոկոս, գիտական խմբի ղեկավարը 2021-ին՝ 129,000 դրամ, 2026-ին՝ 410 հազար դրամ, աճը՝ 217 տոկոս, գիտական ստորաբաժանման ղեկավարը 2021-ին՝ 141,00 դրամ, 2026-ին՝ 477,000 դրամ, աճը՝ 238 %:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ 2021-2026 թվականներին 142 գիտական սարքավորումների համար տրամադրվել է շուրջ 13 մլրդ դրամ: Դրանց թվում է նաև ԵՊՀ-ի սուպերհամակարգիչը, որի ձեռքբերման և տեղադրման ծախսերը կազմել են 3,7 մլրդ դրամ: Վերջինիս վերաբերյալ վարչապետն ասել է՝ սկզբնական շրջանում կարծիքներ կային, որ այն չի օգտագործվելու, մինչդեռ այսօր առկա է նոր սուպերհամակարգչի կարիք: «Երբ մենք այն ժամանակ քննարկում էինք, իհարկե, հոռետեսություն կար, 10 միլիոն դոլար ծախսել մի սուպերհամակարգչի վրա, բայց, ըստ էության, այդ գործարքը, Կառավարության այդ ներդրումը բացեց ճանապարհը հետագա ընթացքի համար։ Եվ այսօր, սուպերհամակարգիչը ԵՊՀ-ի և ընդհանրապես՝ բարձրագույն կրթության համակարգի համար նաև ուսումնական գործիք է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրել է, որ այս պահին էլ գնման ընթացակարգում է 49 գիտական սարք՝ 5.4 միլիարդ դրամի ծավալներով։
Սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի, այս ծավալի ներդրումներին, մասնավորապես՝ գիտնականները չեն անդրադառնում. «Տարբեր ոլորտներում հսկայական փոփոխություններ են լինում, բայց լռություն կա, և այդ լռությունը մի քիչ հարցեր է առաջացնում: Բայց դրանք խոհափիլիսոփայական ոլորտի հարցեր են, որովհետև այս ներդրումները մեր պետության և երկրի զարգացման համար են»