Երկուշաբթի, 26 Հունվարի 2026 13:49
Ալեքսանդր Ավանեսով

ԱԺ պատգամավոր․ Երեւանի "Զվարթնոց" օդանավակայանի աշխատանքը գրեթե կրկնակի գերազանցում է նրա նախագծային հզորությունը

ԱԺ պատգամավոր․ Երեւանի "Զվարթնոց" օդանավակայանի աշխատանքը գրեթե կրկնակի գերազանցում է նրա նախագծային հզորությունը

Արմինֆո Ներկայումս Երևանի "Զվարթնոց" օդանավակայանի աշխատանքը գրեթե կրկնակի գերազանցում է նրա նախագծային հզորությունը: Այդ մասին գրում է Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

 

«2025 թվականին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկել է 5.615.789 ուղևոր՝ սահմանելով պատմական ռեկորդ։ Միաժամանակ տեղափոխվել է 42.679 տոննա բեռ և փոստ։ Իշխանությունները, ձեռագրին համապատասխան, շտապում են սա ներկայացնել, որպես աննախադեպ «հաջողություն»։ Բայց բավական է մուտք գործել օդանավակայան, հասկանում ես, որ այն գործում է վերջին ճիգերով, գերծանրաբեռնված ռեժիմով։ Իսկ ռեկորդները գրանցվել են ոչ թե արդյունավետ կառավարման, այլ համակարգի դիմացկունության հաշվին։

 

«Զվարթնոց»-ը կառուցվել է այլ ժամանակների համար։ Ներկայիս տեսքով «Զվարթնոց» օդանավակայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 2006-2007թթ (նախագահ՝ Ռ. Քոչարյան) ։ Այն կառուցվել է մեծ դիմադրության պայմաններում. «մեր օդանավակայանը տալիս են ուրիշներին», «քանդում են աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանը» լոզունգների ներքո։

 

Բայց օդանավակայանը կառուցվեց և Հայաստանի խոշոր ստրատեգիական նախագծերից մեկն էր, որը պահանջում էր շարունակություն՝ նոր ենթակառուցվածնքերի տեսքով։ Եվ որը չարվեց։

«Զվարթնոցը» նախագծվել էր տարեկան մոտ 3–3,5 միլիոն ուղևորի սպասարկման համար, և պլանավորված էր երկարաժամկետ զարգացման ծրագիր։

 

Այսօր, սակայն, օդանավակայանը աշխատում է իր նախագծային թողունակությունից գրեթե կրկնակի ծանրաբեռնվածությամբ՝ առանց համապատասխան ընդլայնման կամ արդիականացման։ Անզեն աչքով տեսանելի են օդանավակայանի վերջին ճիգերը։

 

Ութ տարի՝ զրո արդյունք․ 2018 թվականին արդեն առկա էր հին տերմինալի վերակառուցման նախագիծը, նախատեսվում էր նոր ենթակառուցվածքների զարգացում և օդանավակայանի տարածքների համալիր արդիականացում։ Սակայն այդ պահից անցել է ութ ամբողջ տարի, և իշխանությունները չեն կարողացել իրականացնել ոչ մի իրական շինարարական ծրագիր։

Այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում հնարավոր էր կառուցել առնվազն երկու նոր տերմինալ և պատրաստել «Զվարթնոց»-ը տարածաշրջանային ավիահաբ դառնալու համար։ Ութ տարի՝ զրո արդյունք. բայց աննախադեպ հաջողությունների մասին հայտարարություններ։

 

Ուշացած որոշում՝ 2067 թվականը որպես արդարացում․ Եթե հարցնենք իշխանություններին, ապա մեղավոր են բոլորը, բայց ՝ ոչ իրենք։ Մեղավոր են նախկինները, մեղավոր է Էռնեկյանը, միգուցե նաև ավիաընկերությունները։ Մնում է հույս ունենալ, որ վերջերս կառավարության հավանության արժանացած «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ փոփոխությամբ ի վերջո կկառուցվի նոր տերմինալ։ Ընդ որում, ներդրումները նախատեսված են իրականացնել մինչև 2033 թվականը։ Ութ տարվա անգործությունից հետո, մի այդքան էլ կարելի է սպասել։ Իսկ մինչ այդ «Զվարթնոց»-ը կշարունակի աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով», - գրել է խորհրդարանականը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և արգենտինական "Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա." ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը ստորագրեցին "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի կոնցեսիոն կառավարման պայմանագրի հինգերորդ լրացումը: Փաստաթուղթը նախատեսում է Երևանի օդանավակայանի հավատարմագրային կառավարման ժամկետի երկարաձգում մինչև 2067 թվականը, ինչպես նաև կոնցեսիոների կողմից 425 մլն դոլարի ներդրում:

 

Երևանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանը շահագործվում է "Արմենիա» միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ - ի կողմից՝ 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման պայմանագրի հիման վրա, որը կնքվել է ՀՀ կառավարության հետ 2001 թվականին: Ընկերությունը կառավարում է նաեւ Գյումրիի "Շիրակ" օդանավակայանը: