
Արմինֆո. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
ՆԳՆ հաղորդագրության համաձայն, կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով նաև Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների հնարավորությունը որպես մարդկային կապերի ամրապնդման միջոց։
Նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը, որի շրջանակում ռազմավարական համագործակցության օրակարգն ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ուղղություններ։
Դեսպան Ալեքսանդրա Քոուլը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերն առաջիկա տարիներին կընդլայնվեն ու կզարգանան՝ նպաստելով գործընկերության ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հիբրիդային մարտահրավերների համատեքստում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կիբեռանվտանգության ուղղությամբ համատեղ գործողությունների հնարավորություններին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցերի կազմակերպման, ինստիտուցիոնալ ու մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով փորձի փոխանակման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Wizz Air ավիաընկերությունը 2026թ․ հունիսի 12-ից ուղիղ չվերթներ է գործարկում Երևան-Լոնդոն երթուղով։