Արմինֆո. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի անդամ, սենատոր Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հաղորդագրության համաձայն, քննարկման առանցքը եղել է Վայոց ձորի խաղողի այգիների՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառման նախաձեռնությունը։ Զարուհի Մուրադյանը և սենատորը մանրամասն անդրադարձել են ծրագրի մշակութային և ռազմավարական նշանակությանը Հայաստանի համար։
Սենատոր Դըվինազը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հիմնադրամին կյանքի կոչել այս կարևոր առաքելությունը։
Նա նաև ընդգծել է, որ գլոբալ տաքացման պայմաններում ֆրանսիացի գինեգործների շրջանում աճում է հետաքրքրությունը հայկական դիմակայուն և էնդեմիկ խաղողի սորտերի նկատմամբ։ Հայկական սորտերի տարածումը Եվրոպայում կնպաստի թե դրանց, թե Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը և հնարավորություն կտա վերջիններիս նոր տերուարներում յուրովի դրսևորվելուն ՝ ստեղծելով յուրահատուկ «գինեպնակ»։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Հայաստանը հայտ է ներկայացնելու Վայոց ձորի մարզի "Արենի-1 քարանձավը և հարակից գինեգործական լանդշաֆտը" ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում ընդգրկելու համար:
Այդ նպատակի իրականացման համար ՀՀ ԿԳՄՍՆ-ի, "Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ" հասարակական կազմակերպության և "Արենի-1 քարանձավ" գիտահետազոտական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Նշենք, որ Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանը կրճատել է գինու արտահանումը 4,1% - ով ՝ մինչև 4,3 մլն լիտր: Արտահանվող գինու մաքսային արժեքը նվազել է 3,1% - ով՝ մինչև 17,7 մլն դոլար: Ընդհանուր լիտրաժից
հայկական գինու Ֆրանսիա արտահանման բաժինը կազմել է 1,2% կամ 84,2 հազար լիտր, ինչը 16% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում, Ֆրանսիա արտահանվող գինու մաքսային արժեքն աճել է 13%-ով՝ կազմելով 481.3 հազար դոլար։