Արմինֆո. Էներգետիկ անվտանգությունը Հայաստանի ինքնիշխանության հենասյուներից է, եւ դրա գնահատումը զուտ կոմերցիոն չափորոշիչներով կարող է հանգեցնել անդառնալի սխալների։ Այդ մասին գրում է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։
«2025 թ.-ի առաջին 7 ամիսների ընթացքում Վրաստանն ավելացրել է էլեկտրաէներգիայի ներկրումը շուրջ 634%-ով՝ հասցնելով այդ ցուցանիշը ֆինանսական արտահայտմամբ 26,1 մլն ԱՄՆ դոլարի: Ընդ որում ներկրման ընդհանուր կառուցվածքում Հայաստանից ներկրված էլեկտրաէներգիայի բաժինը կազմել է ընդամենը 4,3 մլն ԱՄՆ դոլար, Ադրբեջանից՝ 21,2 մլն ԱՄՆ դոլար:
Կարևոր է նշել նաև, որ նույն ժամանակահատվածում Հայաստանը ներկրել է Վրաստանից 1,7 մլն ԱՄՆ դոլարի էլեկտրաէներգիա: Վատ չէ, իհարկե: Առնվազն Վրաստանի հետ էլեկտրաէներգետիկ առևտրում այլևս հանդես չենք գալիս որպես նետտո-ներկրող: Սակայն եթե հարցը դիտարկենք ավելի համակարգային կտրվածքով, ապա պարզ է դառնում, որ եթե վերջին տարիներին Հայաստանում արևային էներգետիկայի սրընթաց ու միաժամանակ քաոտիկ զարգացմանն ուղղված ռեսուրսների գոնե մի մասն ուղղվեր Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցմանը, ապա, վստահաբար, մենք կունենաինք մեզ համար շատ ավելի բարենպաստ պատկեր:
Մի կողմից՝ կվերահաստատեինք մեր դիրքերը վրացական էլեկտրաէներգետիկ շուկայում՝ հանդես գալով որպես բարձր հավելյալ արժեք ունեցող ու ռազմավարական նշանակության ապրանքատեսակի՝ էլեկտրաէներգիայի կայուն արտահանող, մյուս կողմից՝ չէինք ունենա էլեկտրաէներգետիկ համակարգում արտադրական հզորությունների այն վտանգավոր գերծանրաբեռնվածությունը, որի մասին այլևս ստիպված է խոսել նույն կառավարությունը:
Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հենասյուներից է: Դրա գնահատումը զուտ կոմերցիոն չափորոշիչներով կարող է հանգեցնել անդառնալի սխալների», - նշել է փորձագետը:
Նշենք, որ "Հյուսիս-Հարավ" էներգետիկ միջանցքի կառուցման նախագիծը, որը կոչված է միավորել Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը, բախվել է մի շարք խնդիրների: Ի սկզբանե Իրան - Հայաստան և Հայաստան-Վրաստան 400/500 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագծերը նախատեսվում էր ավարտել 2019 թվականի վերջին: Մինչդեռ, այսօրվա դրությամբ Իրան - Հայաստան էլեկտրահաղորդման գծի վրա աշխատանքները կատարվել են 80 տոկոսով, իսկ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությունը դեռ չի սկսվել։ Ըստ նախագծի ՝ նախատեսվում է կառուցել Իրան-Հայաստան 400 կՎ և Հայաստան - Վրաստան 500 կՎ էլեկտրահաղորդման գծեր։ Այդ նպատակով Վրաստանի սահմանին նախատեսվում է կառուցել 2 Էլեկտրական ենթակայան՝ "Այրում" և "Դդմաշեն"։ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի նախնական արժեքը, ըստ FICHTNER ընկերության տվյալների, կազմում է 326,9 մլն եվրո, որի 10% - ը պետք է լինի Վրաստանի ներդրման մի մասը: Այդ նպատակով 2014-2015 թվականներին ստորագրվել է երեք վարկային համաձայնագիր։ Մասնավորապես, 168 մլն եվրո վարկի տեսքով հատկացրել է գերմանական KfW բանկը, ևս 10 մլն եվրո կտրամադրի Եվրոպական ներդրումային բանկը։ Ակնկալվում է ևս 10 մլն եվրո դրամաշնորհ ստանալ Եվրոպական հանձնաժողովից։ Ինչ վերաբերում է Իրան -
Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին, ապա, ինչպես սպասվում է, այն կկառուցվի 2026 թվականի առաջին եռամսյակում։