
Արմինֆո. Web3 Armenia շահույթ չհետապնդող հիմնադրամը հանդես է եկել կոչով՝ կրիպտո ոլորտի կառավարության վավերացրած օրենքի նախագծի վերաբերյալ։
Web3 Armenia հիմնադրամի տարածած հաղորդագրությունում ներկայացվում է կոչի ամբողջական տեքստը։
«Կոչ ՀՀ ԱԺ խմբակցություններին դեմ քվեարկել կրիպտո ոլորտի կառավարության վավերացրած օրենքի նախագծին
ՀՀ Կառավարությունն ականջալուր չեղավ Հայաստանում կրիպտո համայնքի զգուշացնումներին և ընդունեց Կենտրոնական բանկի առաջարկած ոլորտային կարգավորումների օրենքը։ Մեր խորը հիասթափությունն ենք հայտնում այս առիթով` հաշվի առնելով, թե ինչ հետևողականությամբ ենք փորձել մեր ձայնը տեղ հասցնել որոշում կայացնողներին։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Կենտրոնական բանկը սպասարկում է այլ կառույցների շահեր և ոչ բնավ Հայաստանի Հանրապետության։
Եթե օրենքն այս տեսքով ընդունվի, ապա՝
- Կտուժի Հայաստանի թվային ինքնիշխանությունը։
- Հայաստանը կկորցնի իր խոստումնալից դիրքերը դարի տեխնոլոգիա համարվող բլոկչեյնի շուկայում։
- Բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարության հնարավորությունները կչքանան։
- Քաղաքացիներն ունենալու են կորուստներ՝ ի օգուտ բանկերի։
- Ներդրողները կլքեն Հայաստանը, իսկ նոր միջազգային ներդրումներ չեն գրանցվի։
Կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին դեմ քվեարկել օրենքի նախագծին և նկատի ունենալ առաջին հերթին մեր պետության և քաղաքացիների շահը։ Գնդակը ձեր դաշտում է, կայացրեք պետականանպաստ որոշում։
Պատրաստ ենք ցանկացած խմբակցության և պատգամավորի անվճար մասնագիտական խորհրդատվություն տրամադրել այս թեմայով»։
Պարզաբանենք, որ Web3 (Web3 Armenia Foundation) հիմնադրամն անկախ վերլուծական կենտրոն է, որը միավորում է Web3-ի ռահվիրաներին, էնտուզիաստներին, ստարտափներին, ծրագրավորողներին և տեխնոլոգներին ։ Հիմնադրամի հարթակն ընդլայնում է հնարավորությունները գիտելիքների փոխանակման, կապերի հաստատման և web3 տեխնոլոգիաների միջոցով համագործակցության միջոցով: Առաջնային ուղղություններն են. ներդրողների ներգրավում, գործընկերային հարաբերությունների զարգացում և Web3 հայկական տաղանդների ցուցադրում:
Web3-ը հաջորդ սերնդի Ինտերնետի հայեցակարգ է՝ հիմնված բլոկչեյնի վրա, ինչը թույլ է տալիս հասնել ապակենտրոնացման: Web3 - ի և Web2.0-ի հիմնական տարբերությունը ապակենտրոնացումն է, երբ օգտատերերն իրենք են տիրապետում և վերահսկում տարբեր ինտերնետային ռեսուրսներ, այլ ոչ թե դիմում են վիթխարի մենաշնորհների ծառայություններին: Տերմինն ի սկզբանե ստեղծվել է Ethereum-ի համասեփականատեր Գևին Վուդի կողմից՝ 2014 թվականին, և, 2021 թվականից սկսած, գաղափարը գնալով ավելի տարածված է դարձել կրիպտոարժույթի էնտուզիաստների, խոշոր տեխնոլոգիական կորպորացիաների և վենչուրային կապիտալի ընկերությունների շրջանում: