
Արմինֆո. Հայաստանը հերթական անգամ բացասական սալդո է արձանագրում Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Վահե Դավթյանը։
Փորձագետն արձանագրել է, որ 2024 թ. Վրաստանը Հայաստան է արտահանել 137,43 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, ընդ որում, Հայաստանից ներմուծումը կազմել է ընդամենը 72,70 մլն կՎտ.ժ, ինչը Վրաստանի էլեկտրաէներգիայի ներմուծման կառուցվածքում կազմում է 6%։
«Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը կազմել է 185,97 մլն կՎտ.ժ (կշիռը ներկրման կառուցվածքում՝ 15%)։
Հատկանշական է, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի ներմուծման առյուծի բաժինը դեռ պատկանում է Ռուսաստանին: Վերջինս 2024 թ.-ին ապահովել է դրա 79%-ը, կամ 968,84 մլն կՎտ.ժ:
Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառումը շարունակաբար աճում է։ Մինչև 2030 թ. երկիրը կարող է լուրջ պակասորդի առաջ կանգնել, քանի որ էլեկտրաէներգիայի պահանջարկն ավելանալու է մոտ 73%-ով՝ հասնելով 22 մլրդ կՎտ.ժ-ի:
Ներքին հզորությունների ընդլայնմանը զուգահեռ Վրաստանն անխուսափելիորեն ավելացնելու է էլեկտրաէներգիայի ներմուծումը։
Իսկ դա, իր հերթին, թելադրում է Հայաստանին ակտիվանալ Վրաստանի հետ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցում՝ որպես ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ էլեկտրաէներգետիկ միջանցքի բաղկացուցիչ մաս։
Այսօր, սակայն, ծրագրի իրականացման գործընթացը գրեթե պարալիզացված է: Պատճառը, ինչպես և մնացած հարցերում, քաղաքական կամքի, իչպես նաև աշխարհաքաղաքական մտածողության բացակայությունն է», - գրել է Դավթյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների այժմ արդեն նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը հաղորդել էր, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման մրցույթը չի կայացել Դդմաշեն բնակավայրի մոտակայքում էլեկտրական ենթակայանի կառուցման հայտերի բացակայության պատճառով։ Նրա խոսքով, երկու ընկերություններ՝ "Սիմենս" - ը եւ ABB-ն, որոնք երկու լոտով մասնակցում էին նախաորակավորման մրցույթին, ֆինանսական առաջարկներ չեն ներկայացրել ինչպես բուն ենթակայանի կառուցման համար: Ըստ առկա տվյալների, գերմանական KfW բանկը, որը պնդում է մասնագիտացված ընկերությունների հետ ուղիղ բանակցությունները, հայկական կողմի հետ բանակցություններից հետո համաձայնել է փոխել պայմանները եւ այլ երկրներից կապալառուներ ներգրավելու հնարավորությունները: Ռուս-ուկրաինական հակամարտության և էլեկտրաէներգիայի դեֆիցիտի ի հայտ գալու ֆոնին եվրոպական երկրները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել վերականգնվող էներգիայի օբյեկտների կառուցմանը, հիմնականում, հողմակայանների կառուցմանը, որոնցում ներգրավված էին և մրցույթի մասնակից եվրոպական ընկերությունները, որոնք հայտարարել են իրենց ծանրաբեռնվածության մասին մինչև 2028 թվականը: Հայկական կողմը մտադիր է շինարարությանը ներգրավել չինական ընկերություններին եւ ամերիկյան "Ջեներալ Էլեկտրիկ" կոնցեռնին, որոնց հետ բանակցություններ դեռեւս չեն ընթանում, քանի որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նախագծում եւ Դդմաշենում ենթակայանի փոխարեն նմանատիպ ենթակայան կառուցել Հրազդանի ՋԷԿ-ում: Այժմ այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում KfW - ի հետ, որոնց արդյունքները հայտնի կդառնան մոտ ապագայում։
Նշենք, որ "Հյուսիս-Հարավ" էներգետիկ միջանցքի կառուցման նախագիծը, որը կոչված է միավորել Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը, բախվել է մի շարք խնդիրների: Ի սկզբանե Իրան - Հայաստան և Հայաստան-Վրաստան 400/500 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագծերը նախատեսվում էր ավարտել 2019 թվականի վերջին: Մինչդեռ, այսօրվա դրությամբ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի աշխատանքները կատարվել են 35-40 տոկոսով, իսկ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությունը դեռ չի սկսվել։ Նախագծի համաձայն, նախատեսվում է կառուցել Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գիծ և Հայաստան - Վրաստան 500 կՎ էլեկտրահաղորդման գիծ։ Այդ նպատակով Վրաստանի հետ սահմանին նախատեսվում է կառուցել "Այրում" և "Դդմաշեն" Էլեկտրական ենթակայաններ։ Հայաստան - Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի նախնական արժեքը, ըստ FICHTNER ընկերության տվյալների, կազմում է 326,9 մլն եվրո, որի 10% - ը պետք է լինի Վրաստանի ներդրման մի մասը: Այդ նպատակով 2014-2015 թվականներին ստորագրվել է երեք վարկային համաձայնագիր։ Մասնավորապես, 168 մլն եվրո վարկի տեսքով հատկացրել է գերմանական KfW բանկը, ևս 10 մլն եվրո կտրամադրի Եվրոպական ներդրումային բանկը: Ակնկալվում է ևս 10 մլն եվրո դրամաշնորհ ստանալ Եվրոպական հանձնաժողովից։ Ինչ վերաբերում է Իրան - Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին, ապա այս նախագծի ֆինանսավորումն իրականացնում է իրանական կողմը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 107 մլն դոլար: