Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025 13:59
Ալեքսանդր Ավանեսով

ԶՊՄԿ-ի ղեկավարությունը պատրաստ է փոփոխություններ կատարել աշխատավարձի պայմաններում

ԶՊՄԿ-ի ղեկավարությունը պատրաստ է փոփոխություններ կատարել աշխատավարձի պայմաններում

Արմինֆո.ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններ, հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ Այդ մասին ասվում է

ԶՊՄԿ-ի պաշտոնական հայտարարությունում:

 

«1. Աշխատավարձի քաղաքականություն. Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։

 

2. Բժշկական ապահովագրություն. Հաշվի առնելով բժշկական ապահովագրության վերաբերյալ ստացված բազմաթիվ գրավոր և բանավոր բողոքները՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։

 

3. Աշխատանքային պայմանների բարելավում. Վերջին տարիներին ԶՊՄԿ-ն իրականացնում է առկա համակարգերի ու նախագծերի տեխնիկական աուդիտ։ Աուդիտն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո մեկնարկել է նոր համակարգերի նախագծման և ձեռքբերման գործընթացը։ Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը։

 

Հարգելի աշխատակիցներ, կոչ ենք անում վերադառնալ ձեր աշխատավայրերը։ Այս նպատակներին և խնդիրների լուծմանը մենք կարող ենք հասնել միասին։

 

ԶՊՄԿ-ն միասնական կոլեկտիվ է, և մեր ընդհանուր նպատակն է կոմբինատի արդյունավետ աշխատանքը՝ ի շահ աշխատակիցների բարեկեցության, տարածաշրջանի զարգացման և Հայաստանի բարգավաճման», - ընդգծվում է հայտարարությունում։

 

Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջից ԶՊՄԿ-ի աշխատակիցների մի մասը գործադուլ է հայտարարել և պահանջում են աշխատավարձերի 50 տոկոս բարձրացում: "ԶՊՄԿ" ՓԲԸ - ում այդ պահանջները գնահատել էին անիրատեսական, իսկ գործադուլավորների գործողությունները՝ Աշխատանքային օրենսգրքի շրջանակներից դուրս: "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը" արդեն երրորդ տարին անընդմեջ գլխավորում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Այն Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է, որը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։