
Արմինֆո.Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի միայն հարավային հատվածի կառուցման համար Հայաստանը մտադիր է ներգրավել 1,3 մլրդ դոլարի վարկ: Այդ մասին նոյեմբերի 6-ին հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը՝ ԱԺ հաստատմանը ներկայացնելով Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) հետ 200 մլն դոլարի վարկային համաձայնագիրը ՝ Քաջարանի թունելի կառուցման համար:
Մասնավորապես, ինչպես հայտարարել է փոխնախարարը, այսօրվա դրությամբ ծրագրով ներգրավված փոխառու միջոցների ծավալը կազմում է 503 մլն դոլար, չի իրացվել մոտ 170 մլն դոլար: Միջոցները կգործարկվեն Ագարակի և Քաջարանի հատվածի շինարարության շրջանակներում:
Շուտով խորհրդարանի հաստատմանը կներկայացվի Սիսիան-Ագարակ հատվածի աշխատանքների համար ներգրավվող 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը:
"Հյուսիս-Հարավ" ծրագրի շրջանակներում "Քաջարանի թունելի կառուցում" ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) միջոցներից 200 մլն դոլար ներդրումային վարկի տրամադրման վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկը հավանության է արժանացել կառավարության կողմից՝ ս. թ. հուլիսի 25-ին: Ծրագրի նպատակն է "Հյուսիս-Հարավ" ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումը և վթարայնության նվազեցումը: