
Արմինֆո.Իրան-Հայաստան գազատարն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով 2016 թվականին ստեղծված "Էներգաիմպեքս" ՓԲԸ-ն կլուծարվի: Որոշումն ընդունվել է ապրիլի 12-ին ՝ կառավարության նիստում ։
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ըստ հիմնավորման, մինչ ՀՀ-ում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն ընկերությունն իրականացնում էր էլեկտրաէներգիայի արտահանում, ներկրում, փոխհոսքերի ապահովում Վրաստանի ուղղությամբ։ Շուկայի ազատականացմամբ պայմանավորված՝ ի հայտ են եկել խոշոր մասնավոր ընկերություններ, որոնք նոր պայմաններում կարողանում են արդյունավետ գործունեություն ծավալել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունն այլևս չի իրականացնում ՀՀ-ի և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև փոխհոսքերի ապահովման գործառույթ, ինչպես նաև ազատ մրցակցության տրամաբանությունից չի բխում, որ պետական հարյուր տոկոս բաժնեմաս ունեցող ընկերությունը մրցակցի մասնավոր ընկերությունների հետ, առաջացել է ընկերության լուծարման անհրաժեշտություն։