
Արմինֆո.Հայաստանը պետք է մեկուկես-երկու տարվա ընթացքում առավելագույնը կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում։ Այդ մասին հայտարարել է "Ռոսատոմ" պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ "Ռոսիա 24" հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում։ Նրա ասելով՝ Հայաստանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է։
Հիշեցնենք, որ ներկայում Հայկական ատոմային էլեկտրակայանում իրականացվում է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագիրը, որի իրականացման համար ՀՀ կառավարությունը ՀԱԷԿ-ին տրամադրված բյուջետային վարկի շրջանակներում կտրամադրի 65 մլն դոլար: Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը: Ծրագրի իրականացման աշխատանքներով կզբաղվի "Ռոսատոմ" ՊԿ կոնտուրի մեջ մտնող "Ռուսատոմ Սերվիսը", որի հետ կկնքվի համապատասխան համաձայնագիր: Մինչեւ նշված ժամկետը Հայաստանում պետք է կառուցվի նոր ատոմային բլոկ, որի հզորությունների վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են։ Արդեն հայկական կողմի քննարկման փուլում է "Ռոսատոմ" ՊԿ-ի կողմից մշակված 1200 Մվտ սահմանված հզորությամբ նոր ատոմային բլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը: Գնահատվում են նաև ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի գործընկերների առաջարկած տարբերակները։