Հինգշաբթի, 16 Հունիսի 2022 13:24
Ալեքսանդր Ավանեսով

Առանց Ջուլֆայի սահմանակետի տարածաշրջանի ապաշրջափակման մասին բոլոր խոսակցություններն արժեք չունեն. փորձագետ

Առանց Ջուլֆայի սահմանակետի տարածաշրջանի ապաշրջափակման մասին բոլոր խոսակցություններն արժեք չունեն. փորձագետ

Արմինֆո.Դեռեւս 2016 թվականին Իրանն առաջ էր քաշել "Պարսից ծոց-Սեւ ծով" միջազգային տրանսպորտային-տարանցիկ միջանցքի ընդլայնման վերաբերյալ տարածաշրջանային նախաձեռնություն, որի մեջ, բուն Իսլամական Հանրապետությունից զատ, մտնում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բուլղարիան եւ Հունաստանը:

Եվրոպական միության տրանսպորտի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է այն հիմնական պատճառները, որոնք բացատրում են Հայաստանի հետաքրքրությունն ու աջակցությունն այդ ռազմավարական միջանցքին:

 

Մարջանյանի խոսքով՝ Պարսից ծոցի ջրատարածքը Հայաստանի տարածքով սեւծովյան տարածաշրջանի հետ կապող տրանսպորտային միջանցքը, անկասկած, ռազմավարական կարեւորություն ունի հանրապետության համար: Այդ միջանցքը կապում է ոչ միայն Պարսից, այլ նաև Օմանի ծոցը՝ Հնդկական օվկիանոս ելքով։ Հայաստանի համար շատ կարեւոր նշանակություն ունի լոգիստիկ, այդ թվում ՝ մուլտիմոդալ կապը Օմանի ծոցում իրանական Չաբահար նավահանգստի եւ Սեւ ծովի վրացական նավահանգիստների միջեւ, այնուհետեւ՝ դեպի Ռուսաստան կամ Եվրոպա։

 

Փորձագետը կարծում է, որ այդ միջանցքի մշակումն ընկած է տարածաշրջանում տեղի ունեցող բազմաթիվ աշխարհաքաղաքական գործընթացների հիմքում։ Չաբահար նավահանգստի զարգացումը թշնամանք է առաջացնում Պակիստանում, որն իրանական նավահանգիստը դիտարկում է որպես իր բնական մրցակից: Մյուս կողմից, Չաբահար նավահանգիստը ներգրավված է տարբեր լոգիստիկ ուղղություններում, այդ թվում ՝ Հնդկաստանի համար, որը նավահանգիստը դիտարկում է որպես լավ տարանցիկ կետ  իր բեռները դեպի հյուսիս կամ հարավ փոխխադրելու համար, հնարավոր է՝ Հայաստանի տարածքով։ "Վերջին ամիսներին, հատկապես, Արցախում 44-օրյա պատերազմից հետո, մենք ականատես եղանք Նյու Դելիի ակտիվությանը Հնդկաստանից մինչեւ Իրան, այնուհետեւ՝ Հայաստան, Վրաստան եւ Սեւ ծով այդ տրանսպորտային միջանցքի զարգացման գործում", - ասում է Մարջանյանը:

 

Փորձագետը նշել է, որ նախագծում ակտիվորեն ներգրավվում է նաև Ադրբեջանը։ Բաքուն ակտիվորեն լոբբինգ է անում իր հաղորդակցային եւ տարանցիկ հնարավորությունները, ինչպես Հյուսիս-Հարավ առանցքով, այնպես էլ Արևելք-Արևմուտք առանցքով։ "Ադրբեջանն այստեղ առաջարկում է Կասպից ծովի ափին գտնվող նավահանգիստների հնարավորությունները " Հյուսիս - Հարավ " տրանսպորտային միջանցքի համար, որի համար անհրաժեշտ է ավարտին հասցնել Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցումը: Բացի այդ, Բաքուն ակնարկում է մեր տարածաշրջանի արդեն մայրցամաքային մասի հետ կապված որոշ ուղիների օգտագործման հնարավորության մասին, եւ այդ հարցում ի հայտ է գալիս Ջուղայի երկաթուղային հանգույցի օգտագործման հնարավորությունը, եւ դա այն նույն նախագիծն է, որը չափազանց կարեւոր է հայկական կողմի համար", - նշել է փորձագետը, հիշեցնելով, որ Ջուլֆայի համանուն սահմանակետը գտնվում է Ադրբեջանի եւ Իրանի ( Ջուլֆա Իրանում, եւ Ջուլֆա ՝ Ադրբեջանում) միջեւ սահմանին։ Տասնամյակներ շարունակ այդ հանգույցն աշխատել և ապահովել է Սև ծով - Վրաստան - Հայաստան - Նախիջևան - Իրան - Պարսից ծոց կապը։ Այդ երթուղին կարող է վերակենդանացվել, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" նախագծի իրականացմամբ։ "Եթե մի կողմ թողնենք ոչ մեկին պետք չեկող ձեւականությունները, անհրաժեշտ է ընդգծել Երեւանի համար ամենագլխավորը՝ Ջուլֆայի սահմանակետի վերակենդանացումը, որը հնարավորություն կտա ապահովել Օմանի ծոց - Սեւ ծով կապը Հայաստանի տարածքով տարանցմամբ: Հակառակ դեպքում, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին բոլոր խոսակցությունները ոչ մի արժեք չունեն", - ընդգծել է փորձագետը։

 

Նշենք, որ Իրանը մտադիր է Օմանի ծոցում (Չաբահար) եւ Պարսից ծոցում (Բենդեր Աբբաս, Իմամ Խոմեյնիի եւ Հորրամշահր) գտնվող իր նավահանգիստները կապել Սեւ եւ Կասպից ծովերում գտնվող նավահանգիստների հետ՝ իրանական երկաթուղիների ցանցի միջոցով: Պարսից ծոցի միացումը Սեւ ծովի հետ կմիացնի չորս առանցքային ծովային ավազաններ, մասնավորապես՝ Օմանի ծոցը, Կասպից ծովը (Իրան-Ադրբեջան), Սեւ ծովը (Վրաստան, Բուլղարիա) եւ Միջերկրական ծովը (Հունաստան): Հարավային Կովկասում Հայաստանը միակ երկիրն է, որը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ եւ, հետեւաբար, ուղղակի կամուրջ է հանդիսանում Իրանի եւ ԵԱՏՄ միջեւ, ինչը հստակ ընդգծում Է Պարսից ծոց –Սե ծով միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ միջանցքի կարեւորությունը Իրանի համար: Եթե Երեւանն ու Բաքուն կարողանան լուծել իրենց տարաձայնությունները 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի մասին համաձայնագրի 9-րդ հոդվածի մեկնաբանության վերաբերյալ, որը վերաբերում է խորհրդային դարաշրջանի մի քանի տարածաշրջանային երկաթուղիների վերածնմանը, ապա Իրանը հնարավորություն կստանա սեփական երկաթուղային ցանցը կապել Հայաստանի եւ Վրաստանի հետ: Այդ երկաթգիծը սկիզբ կառնի Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ազերբայջան նահանգի Ջուլֆա քաղաքում, այնուհետև կմիանա ադրբեջանական Նախիջևան էքսկլավի Ջուղայի շրջանին, այնուհետև կշարունակվի մինչև Երևան և Թբիլիսի։ Կարևոր է նշել, որ Նախիջևան - Երևան երկաթուղային երթուղին կարող է փոխարինել ներկայումս օգտագործվող, բայց թանկարժեք ու բարդ Երևանից դեպի իրանա-հայկական սահմանի Մեղրի քաղաք երթուղին։ Այդ տարանցիկ օղակի փոխարինումը կարևոր աստիճան կդառնա Պարսից ծոց - Սև ծով միջանցքի լիարժեք իրականացման ճանապարհին։