
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ տեղի է ունեցել ԿԲ նախագահի հանդիպումը Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ։
ՀԲՄ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման շրջանակում ՀԲՄ նախագահը բանկային համակարգի անունից շնորհակալագիր է հանձնել Արթուր Ջավադյանին՝ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի կայացման, զարգացման և միջազգային կառույցներում ինտեգրման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
Արթուր Ջավադյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ և կառուցողական աշխատանքի համար՝ վստահություն հայտնելով, որ ԿԲ և ՀԲՄ միջև ձևավորված գործընկերային կապերն այսուհետ ևս կծառայեն ի շահ և ի բարօրություն ֆինանսական համակարգի։
Հիշեցնենք, որ Արթուր Ջավադյանին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում կփոխարինի Մարտին Գալստյանը, ում թեկնածությունը հաստատվել է ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում գաղտնի քվեարկության արդյունքում: Նրա թեկնածությունն առաջադրել է կառաավարող "Իմ քայլը" խմբակցությունը։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է հունիսի սկզբին, և դա նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետն է: