
Արմինֆո. Հայաստանն ու Վրաստանը մտադիր են դեպի Լոս Անջելես համատեղ թռիչքներ կազմակերպել։ Այդ մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը։
Նրա հավաստմամբ, Երեւան-Լոս Անջելես ուղիղ օդային հաղորդակցության կազմակերպման շուրջ նույնպես բանակցություններ են ընթանում, սակայն, հաշվի առնելով ավիափոխադրողի ցածր ծանրաբեռնվածությունը, իմաստ ունի վրացական կողմի հետ համատեղ ավիաչվերթների կազմակերպումը:
Տաթևիկ Ռևազյանն ընդգծել է, որ միայն Երևանից չվերթները անշահավետ են, քանի որ պատշաճ բեռնվածություն չեն ապահովում: Ընդ որում, շահութաբերության մակարդակի հասնելու համար անհրաժեշտ է շաբաթական 2-3 չվերթ իրականացնել։ Այդ պատճառով բանակցություններ են ընթանում վրացի գործընկերների հետ, որոնք, ի դեպ, առավելապես տրամադրված են դեպի Նյու Յորք չվերթների իրականացման, իսկ հայկական կողմը պնդում է դեպի Լոս Անջելես ուղղությունը։